ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Արցախյան ազատամարտի մասնակից, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
ՀՀ Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել նրան շնորհված «Ոսկե արծիվ» շքանշանը։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոչումը Գասպարյանին շնորհվել էր ավելի վաղ, բայց հարազատներին հանձնվել է այսօր։
Արցախի ՊԲ զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանն էլ հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել էր «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում:
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 15–ին զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Օրեր անց` հոկտեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ նա ևս մահացել է։