ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանում տեղացած առատ ձյունն ու մերկասառույցն անակնկալի են բերել վարորդներին ու քաղաքացիներին։
Արդյունքում հսկայական խցանումներ են առաջացել Երևանի խոշոր պողոտաներում, փողոցներում` կաթվածահար անելով երթևեկությունը։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում բողոքում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնից և նշում են, որ փողոցներում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում։ Նշվում է, որ ձնահավաք մեքենաներ կամ չկան, կամ շատ քիչ են։
Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Sputnik Արմենիան դիմել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանին:
Վերջինս նշեց, որ ձնահավաք մեքենաներն աշխատել են ամբողջ գիշեր և այս պահին էլ շարունակում են աշխատել։ Նա չհամաձայնեց, որ քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքները բավարար չափով չի կատարում։
«Չմաքրված փողոցների մասին մենք ոչ մի ահազանգ չենք ստացել։ Ես անձամբ առավոտյան քաղաքի մեծ մասով`Ավան, Նոր Նորք, Արաբկիր, Կենտրոն, երթևեկել եմ, մաքրված, նորմալ վիճակ է եղել»,–ասաց Կուբաթյանը։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրը մեքենաների համար անցանելի երթևեկություն ապահովելն է։ Նա վստահ է այդ խնդիրը քաղաքային իշխանությունները լավ են կատարում։
Կարապետյանը վստահեցրեց, որ հիմնական փողոցները մաքրելուց հետո կսկսեն մաքրել երկրորդական փողոցները, մայթերը և մայրաքաղաքի բակերը:
Ներկայումս ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 30 միավոր տեխնիկա: Նա համաձայն չէ սոցցանցերում քաղաքացիների այն հայտարարությունների հետ, թե ձյունը չեն մաքրում։ Եթե կա նման հայտարարություն, ապա պետք է նշել կոնկրետ հասցեներ։