ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Տեղեկությունը Սաղաթելյանը հրապարակել է Facebook-ի իր էջում։
«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Հավանաբար, կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել»,–գրել է Սաղաթելյանը։
Նա տեղեկացրել է, որ այսօր ներկայանալու է Երևան քաղաքի վարչություն և խոստացել ընթացքի մասին հավելյալ տեղեկություն տալ։
«Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ»,–գրել է Սաղաթելյանը։
Նա բոլորին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։
3-10 կամ 10-15 տարի ժամկետով ազատազրկում. ոստիկանությունը զգուշացնում է ընդդիմադիրներին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաններ, հանրահավաքներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկվանից իրականացվում են նաև դասադուկներ և գործադուկներ։