ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 351 մարդ ։ Փախստականների ավտոբուսները Ղարաբաղ են հասել ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
«Նրանք շարունակում են նաև իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնել 23 դիտակետում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել արդեն շուրջ 43 հազար փախստական:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են