Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դեկտեմբերի 22-ը հայտարարել էր համապետական հանրահավաքի ու բողոքի ակցիաների օր։
Ժամը 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը։ Որոշ ժամանակ անց բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը շրջափակեց կառավարության գլխավոր մասնաշենքը, մի մասը շարժվեց դեպի ԱԳՆ շենք, մի մասն էլ՝ գլխավոր դատախազություն։
Հանրահավաքի կազմակերպիչները մինչև 18.00-ն ժամանակ տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ գալ հրապարակ ու բանակցություններ սկսել Հայրենիքի փրկության շարժման համակարգողների հետ, սակայն իմքայլականները չեկան հանրահավաքի վայր։
Ժամը 18-ին հրապարակում վերսկսվեց ընդդիմության հանրահավաքը։ Ամբիոնից հայտարարվեց, որ ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ ու կգիշերեն արդեն տեղադրված վրաններում։
Հանրահավաքն ավարտվեց քայլերթով։ Մինչ այդ հայտարարվեց, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 16-ին, կրկին հանրահավաք է լինելու։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։