ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` Հայաստանը հիմնականում էներգակիր ներկրող երկիր է և չունի ներքին էնարգակիրներ, հետևաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էներգակիրների գների բարձրացումը մեծ հարված է հասցնում Հայաստանի տնտեսությանը, քանի որ էներգակիրների գնի բարձրացումն ուղղակիորեն ազդում է ՀՀ տարածքում արտադրվող և մատուցվող բոլոր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի վրա։
«Վերջին շաբաթների ընթացքում բենզինի, սեղմված գազի, դիզելային վառելիքի գների աճը պայմանավորված է առաջին հերթին դրամի արժեզրկմամբ, ինչն այս տարվա մեր տնտեսության խորը ճգնաժամային իրավիճակի հետևանքն է։ Մեր երկիր ավելի քիչ արտարժույթ էր հոսում և ավելի շատ դուրս էր գալիս։ Արդյունքում հիմա դոլարի շուկայում ունենք խիստ ցնցումային իրավիճակ, երբ կարող է մեկ օրվա ընթացքում դոլարի կուրսը բարձրանալ և իջնել, ուստի այս ամենի արդյունքում տնտեսվարողները կրում են լուրջ կորուստներ»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով` ունենք մի իրավիճակ, որ տնտեսվարողները, բացի տվյալ պահի փոխարժեքի հաշվարկից, որոշակի լրացուցիչ անվտանգության բարձիկներ են ստեղծում, քանի որ չգիտեն, թե ապագայում դոլարն ինչպիսի թռիչքաձև աճ կարող է ունենալ։ Ըստ նրա` արդյունքում դրամի արժեզրկումից ավելի բարձր են ստացվում էներգակիրների գները։
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
Տնտեսագետը հիշեցրեց, որ 10 000 և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար գազի սակագինը հաշվարկվում էր դոլարով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նրանց համար սահմանել է սակագին 265 դոլարի չափով 1000 խորանարդ մետրի դիմաց։
Հուլիսին եղավ թանկացում, իսկ հիմա ունենք նաև դրամի արժեզրկում, այսինքն` երկու բացասական գործոններ են ազդել գազի գնի բարձրացման վրա, մինչդեռ կառավարությունը ժողովրդին չնախապատրաստեց այս ամենին, մեր տնտեսությունը նույնպես պատրաստ չէր դրան։ Պարսյանի համոզմամբ` նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե կառավարությունը կարողանար ճիշտ բանակցություններ վարել ռուսական կողմի հետ։