ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի -Sputnik. Մի խումբ բնակիչներ վաղ առավոտից հավաքվել են Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին` արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանությունը ավտոբուսներով ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Ոստիկանության և տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել։
Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքի մարզ։
«Առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»,-գրել է նա։
Դեկտեմբերի 20-ին, երբ Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական դրոշով ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել, Առուշանյանն իր մտահոգությունն էր հայտնել` Փաշինյանին հարց ուղղելով, թե ինչ երեսով է Սյունիք գալու։
Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել։