ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի կառավարությունը սպառազինության զարգացման նոր ծրագիրը կազմելիս հաշվի կառնի Սիրիայում ու Ղարաբաղում իրականացված մարտական գործողությունների փորձը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Մինչև 2033 թվականը նախատեսված ծրագրում, Բորիսովի խոսքով, հաշվի է առնվելու մասնավորապես անօդաչու սարքերի կիրառման փորձը։
«Տեսեք՝ անօդաչու սարքերի կիրառմամբ որքան է փոխվել զինված հակամարտությունների բնույթը։ Սա արդեն կայուն միտում է։ Սկզբում դրանք հետախուզական սարքեր էին, այսօր արդեն` նաև հարվածային։ Ղարաբաղը ցույց տվեց՝ ինչպես են դրանք աշխատում», -նշել է Բորիսովը։
Բացի այդ, հաշվի է առնվելու Սիրիայում բարձր ճշգրտություն ունեցող զենքի գործածման փորձը, խոսքն այդ թվում նաև «Կալիբր», X-101 և այլ համակարգերի մասին է։ Փոխվարչապետն ավելացրել է, որ ուղղորդված էներգիայի զենքն արդեն ֆանտաստիկա չէ, այլ իրականություն։
Սպառազինության ներկայիս՝ 2018-27 թվականների ծրագրի ծավալը կազմում է մոտ 20 տրիլիոն ռուբլի։ 2020 թվականի հուլիսին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ծրագիրն առաջիկա երեք տարվա համար կրճատել 5%-ով կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունների պատճառով։ Սեպտեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին։
Ղարաբաղում պատերազմից հետո արժե մտածել կանոնների փոփոխությունների մասին. լեհ մայոր