ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի Sputnik. Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով և անվտանգության անձրևանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ բզկտելով մեր հայրենիքը: Վտանգված է մեր ազգի և երկրի ինքնիշխան գոյությունը»,– նշված է հայտարարության մեջ:
Մարզաշխարհի ներկայացուցիչները նշում են, որ այլևս չեն կարող այս աղետալի վիճակի լուռ հետևողները լինել և միանում են Հայաստանի հանրապետության իրավիճակը սթափ գնահատող քաղաքացիներին:
«Օրախնդիր է վայրկյան առաջ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը և լծվել երկրի ինքնիշխանության և սահմանների պահպանության սուրբ գործին: Ցանկացած պարտություն կարող է դառնալ նոր հաղթանակների սկիզբ, բայց ոչ արյունոտ ձեռքերով խայտառակ կապիտուլիացիա ստորագրած դավաճանի առաջնորդությամբ: Պահանջում ենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռացումն այդ պաշտոնից: Դավաճանը չի կարող շարունակել տնօրինել մեր ազգի և պետության բախտը»,–նշված է հայտարարության մեջ:
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին
Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին են միացել մարզաշխարհի հետևյալ ներկայացուցիչները.
- Հովհաննես Պողոսյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Արմեն Ադամյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Ռուդիկ Բարսեղյան, Հայաստանի վաստակավոր լրագրող
- Սամվել Պողոսյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Արտակ Կարապետյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Գուրգեն Ենգիբարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Սամվել Ղասաբյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Արտաշ Ադամյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Պողոս Գալստյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Ստեփան Բաղդասարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Աշոտ Մանուկյան, ՀՖՖ նախկին փոխնախագահ
- Խաչիկ Չախոյան, մարզական մեկնաբան
- Վիլհեմ Այվազյան, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատոր
- Տիգրան Պետրոսյանց, «Կոտայք» ֆուտբոլային ակումբ
- Արթուր Մինասյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Էդուարդ Վերանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Ալբերտ Սարգսյան, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն
- Էմիլ Մեսրոպյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Գոռ Աթաբեկյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Արկադի Անդրեասյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, ՄԿՍՎ Հայասատանի վասատակավոր մարզիչ
- Արթուր Վարդանյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Լևոն Ստեփանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Համլետ Մխիթարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Հայկ Գևորգյան, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ
- Արմեն Ավագյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Հենրիկ Բերբերյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Պետո Եսայան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Մարինա Թաշչյան, ՀՖՖ հավաքականների բաժնի նախկին պետ
- Վարդան Մինասյան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ
- Հարություն Ալեքսանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
- Մանուկ Թադևոսյան, «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ
- Արմեն Մինասյան, ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն
- Արարատ Ճաղարյան, Ֆիֆայի մրցավար
- Աշոտ Բարսեղյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
- Գագիկ Կետիկյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
Նշվում է, որ հայտարարությունը բաց է մարզաշխարհի այլ ներկայացուցիչների միանալու համար:
Հավելենք` այսօր ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու նշել, որ կմասնակցեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Ավելի վաղ հրաժարականի պահանջով հայտարարություններ էին տարածել Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներ, ԱԱԾ նախկին 13 աշխատակիցներ և այլն։
Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները համատեղ հայտարարություն են տարածել
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։
Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։