ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի շրջանում չպետք է ծայրահեղական գրոհայիններ լինեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը։
Նրա խոսքով՝ «Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում արձանագրված փաստ է, որը ոչ միայն մենք ենք հաստատել»։
«Մոտ երկու հազար վարձկան է եղել։ Մենք ամենասկզբից մտահոգություն էինք հայտնել այն կապակցությամբ, որ այնտեղ հայտնվել էին ջիհադիզմի գաղափարախոսությանը դավանող ծայրահեղական գրոհայիններ։ Մեր դիրքորոշումը նրանց հետ կապված փոփոխությունների չի ենթարկվել․ նրանք չպետք է այնտեղ լինեն», - ասել է Սիրոմոլոտովը։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը