ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության հրապարակից մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր: Երթի մեկնարկին ՀՀ կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ։
Փաշինյանին տեսնելով` հրապարակում հավաքվածները սկսեցին ծափահարել։ Վարչապետը խնդրեց դադարեցնել ծափահարությունները։
«Այսօրվա երթը լուռ երթ է»,– հայտարարեց վարչապետը` ի պատասխան լրագրողների` իրեն ուղղված հարցադրումների։
Երթի ընթացքում, սակայն, լռությունը պարբերաբար խախտվում է։ Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», «Նի–կոլ, Նի–կոլ»։
Քաղաքացիները պարբերաբար մոտենում են Փաշինյանին ու հայտնում, որ նրա հետ են, սիրում են նրան և այլն։
Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները շրջապատված են անվտանգության տասնյակ աշխատակիցներով։ Երթի ընթացքը վերահսկում են ոստիկանական ուժերը։
Եռաբլուր, արցունքներ ու խոնարհում հերոսների հիշատակին. ջահերով երթի լուսանկարները
Նշենք, որ երթին մասնակցում են նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլի» պատգամավորներ, կառավարության անդամներ։
Հիշեցնենք` սգո երթի մասնակցիներին այս պահին Եռաբլուրում սպասում են ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, ովքեր հայտարարել էին, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։