ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Մինչ օր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խմբերն աշխատանքները շարունակում են 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի և Հադրութ: Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել արցախյան պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին։
Դատագենետիկական հետազոտության արդյունքում այդ օրվա դրությամբ նույնականացվել են նրանցից միայն 302–ի մարմինները։ Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են: