ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին` ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, և այդ օրը սգո երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։