ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ են մտել մեր երկիրը ներկայացնող չորս ըմբիշներ, որոնցից միայն մեկին է հաջողվել հասնել մինչև կիսաեզրափակիչ։ 57կգ քաշային Արսեն Հարությունյանը, երկու անընդմեջ հաղթանակ տոնելով` հասավ կիսաեզրափակիչ, որտեղ արդեն եզրափակիչի ուղեգիրը վճարկելու է Ստեվան Անդրիա Միչիչի հետ։
Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ըստ վիճակահանության, մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7։0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ռազվան Կովաչին։ Քառորդ եզրափակիչում Արսենի մրցակիցն ուկրաինացի Անդրեյ Յացենկոն էր։ Դժվարին ու ծանր գոտեմարտում հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 5։4 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս փուլում Հարությունյանի մրցակիցն է լնելու սերբ Ստեվան Անդրիա Միչիչը։
74կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը վստահ մեկնարկեց մրցումներում և երկու անընդմեջ հաղթանակ տոնելով` մտավ քառորդ եզրափակիչ։ Հայ ըմբիշը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթեց լեհ Անջեյ Սոկալսկիին, ապա 1/8 եզրափակիչում 7։2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Օսման Չակիչիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Հրայրի մրցակիցը իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսն էր։ Կիսաեզրափակիչ դուրս գալ հայ ըմբիշին չհաջողվեց։ Հաղթեց Մարկեսը` 8։2 հաշվով։
Մալխաս Ամոյանն արժանացավ արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալի
Որակավորման փուլում 70կգ քաշային Արման Անդրեասյանը մրցաշարը սկսեց մոլդովացի Վալենտին Բորզինի հետ գոտեմարտով և հաղթանակի հասավ 4։2 հաշվով։ Իսկ ահա 1/8 եզրափակիչում Արմանը համառ պայքարում 1։4 հաշվով պարտվեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին։ 125 կգ քաշային կարգում Հովհաննես Մաղաքյանն իր առաջին գոտեմարտում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին։
Վաղը մրցումները կշարունակվեն ևս հինգ քաշային կարգերում, որոնցից չորսում պայքարի մեջ կմտնեն նաև հայ ըմբիշները։ 61 կգ քաշային կարգում հանդես կգա Ռազմիկ Պապիկյանը, 65կգ քաշային կարգում` Վազգեն Թևանյանը, 79 կգ քաշային կարգում`Արման Ավագյանը և 86 կգ–ում` Հովհաննես Մխիթարյանը։