ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:
Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։
Այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։
Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։
Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։
Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար