ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Արտարժույթի փախարժեքի թանկացումը ՀՀ ներդրումների, տրանսֆերտների ու այլ ներհոսքերի ծավալի վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Փոխարենը դրամի թանկացումը հանգեցրել է գործարար հատվածի ու նաև քաղաքացիների ֆինանսական վարքագծի որոշակի փոփխության։
«Այսինքն` մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում` հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ արտարժույթի գինը տարել է վերև»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով։
«Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շոհույթը (այն պարագայում, երբ մենք տնտեսական անկում ենք սպասում մեր երկրում) կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ` շատ ցավալի է, որ չի ստեղծվել»,– ասաց նա։
ԿԲ նախագահն ափսոսանք հայտնեց, որ տնտեսական մի քանի ճգնաժամեր տեսած ՀՀ քաղաքացիները նույն իրավիճակում շարունակում են նույն վարքագիծը դրսևորել` ի վնաս իրենց։
«Հենց այս վիճակում է, որ պետք է Կենտրոնական բանկին վստահել ու հավատալ, որ հենց մենք ենք իրենց շահերի պաշտպանը` ֆինանսական որոշումների հարցում»,– ասաց Գալստյանը։
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Նշենք, որ արտարժույթի փոխարժեքը Հայաստանում սկսեց կտրուկ բարձրանալ հոկտեմբեր ամսից ու այս պահին հատել է 1 դոլարի դիմաց 520 դրամ, 1 եվրոյի դիմաց`637 դրամ ցուցանիշը։
Նշենք, որ կանխատեսվող գնաճային ճնշումները զսպելու համար ՀՀ ԿԲ–ն այսօր կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսով ավելացնելու որոշում։