ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում է՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:
Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Մինչ այդ Արման Թաթոյանը ՄԻՊ աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա է գտնվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների մի մասի դիմավորմանը օդանավակայանում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից ռուսական ինքնաթիռով Հայաստան են վերադարձել 44 հայ գերիներ։
Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։
«Էրեբունի» օդանավակայնում նրանց դիմավորողների մեջ են եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, գերիների հարազատներ։
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով
Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Կետերից մեկում նշվում է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։