ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում։ Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ զրույցում ասել է ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտները:
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին` բիզնեսի զարգացման նոր հարթակ. տեսանյութ
Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:
Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։
Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին