ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Հումանիտար օգնությունը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռը Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը: