ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց այսօր ուղիղ եթերում։
«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս առիթով եռօրյա սուգ կհայտարարվի, նաև սգո երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը չբացառեց, որ այդ օրը դեռ ոչ բոլոր զոհերի մարմինները գտնված կլինեն, բայց, նրա խոսքով, պետական այդ կարգի որոշումն այլևս չի կարելի հետաձգել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2996 զոհված զինծառայողի մարմին:
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։