ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի տան խուզարկությունից հետո նրան Ազգային անվտանգության ծառայություն են տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ–ն Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում։
«Վարդան Այվազյանին ոչ միայն ԱԱԾ են տարել, այլ նրան ձերբակալում են։ Հիմքեր չկան նրան ձերբակալելու, և ես սպասում եմ, որ արձանագրությունը կազմեն ձերբակալության, որ բողոքարկեմ»,–ասաց Պողոսյանը։
Նա հայտնեց նաև, որ Այվազյանին ձերբակալում են վարչապետի հայտնի` «օծանելիքների և ժամացույցների» գործով, այսինքն` նոյեմբերի լույս 10-ին կառավարության և ԱԺ–ի շենք մուտք գործելու դեպքերի կազմակերպման առնչությամբ։
Պաշտպանը նշեց` ովքեր դեմ են վարչապետին, բոլորին ձերբակալում են։ Նա հիշեցրեց, որ դատավորների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր դժգոհությունն էր հայտնել այդ գործով կալանավորվածների հարցում։ Իրավապահներն էլ, ըստ Պողոսյանի, հիմա քայլեր են անում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ինչ-որ մարդիկ մտել են նաև ՀՀ վարչապետի կեցավայր և այնտեղից օծանելիք ու ժամացույց հափշտակել։
ԱԱԾ–ն ավելի ուշ հայտնեց, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ–ի, կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում հետապնդումներ են հարուցվել շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 18–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ դժգոհություն հայտնեց նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների դեպքի առնչությամբ հարուցված քրգործի ընթացքից։