ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել ու վնասազերծել են 4577 պայթունավտանգ առարկա։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 80 հեկտար տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 շինություն ու հասարակական նշանակության 6 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 4577 պայթունավտանգ առարկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի գազատար խողովակի շրջակա տարածքն ու Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանը։
Օդանավակայանի մերձակա հատվածներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է ռոբոտատեխնիկական «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունն ու մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են