ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները»,–նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նախագահն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմի հետ՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։