Երևանում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 29 մարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
Չի բացառվում, որ այդ թիվը հետո կարող է փոխվել։
Այսօր առավոտյան ցուցարարները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, որտեղ այդ պահին նիստ էր ընթանում։ Նրանց և ուժայինների միջև հրմշտոց սկսվեց։ Ցուցարարները նշեցին, որ իրենք որևէ բան կոտրելու, վնաս տալու ցանկություն չունեն, ուղղակի ուզում են ներս մտնել և վարչապետին ասել, որ ինքն այդ շենքում այլևս անելիք չունի, իշխանություն չունի։
Ոստիկանները հայտարարեցին, որ ցուցարարների գործողությունները օրինական չեն և սկսեցին բերման ենթարկել նրանց։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։