ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթի շենքերից մեկում, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կա երեխա։ Փրկարարները շենքից տարհանել են 10 բնակչի։ Բնակիչ Ալեքս Ա․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից և հոսպիտալացվել «Մուրացան» հիվանդանոցային համալիր»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Փրկարարները հարևան բնակարանի բնակչուհուն՝ Հասմիկ Հ․-ին (ծնված 1957 թ․) անգիտակից վիճակում հայտնաբերել են շքամուտքում ընկած, և բնակիչների հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին
Մեկ այլ բնակչուհի (Անահիտ Մ․, ծնված 2002 թ․) տարհանման ընթացքում ստացել է ոտքի վնասվածք և հոսպիտալացվել «Շենգավիթ» ԲԿ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։28-ին, մարել՝ 18։59-ին: Այրվել է նախամուտքի, հյուրասենյակի և ննջասենյակի գույքը։