ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի Twitter-յան էջում:
Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ Արցախի բնակչության անվտանգության ապահովումն ու երկրի կարգավիճակի որոշումը հրատապ լուծում են պահանջում։
Today #Dutch Parliament #tweedekamer adopted a motion on urgent & final settlement of #NagornoKarabagh conflict to ensure enduring safety of population & leading to a status which offers permanent protection & security for #Artsakh. Thanks to @StienekevdGraaf @PieterOmtzigt pic.twitter.com/nwXlb99wSi
— Armeense Federatie FAON (@FAON_ArmFed) December 9, 2020
Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։
Ավելի վաղ` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։