ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Ֆրանսիայի արտգործնախարարության կայքից տեղեկանում ենք, որ կողմերը խոսել են նաև Թուրքիա-ԵՄ կապերի մասին` վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո:
Այս համատեքստում, դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, ֆրանսիացի նախարարը հիշեցրել է բացատրություններ տալու` եվրոպացիների պահանջի մասին, քանի որ դա անհրաժեշտ պայման է Անկարայի և Եվրամիության միջև կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, զրկվել է վստահությունից։ Նրա խոսքով ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի համար «խնդիր» է։ Էրդողանը կոչ էր արել Փարիզին ազատվել այդ «բեռից»: