Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` ցանկացած երկրում հետպատերազմյան իրավիճակից ելնելով` բանկերը հայտնվում են բավականին լուրջ դրության մեջ, ուստի պատահական չէ, որ մեր բանկային համակարգն ունի շատ հարցեր, որոնք արդեն առաջացել են կամ դեռևս կառաջանան մոտ ապագայում։ Ըստ նրա` ԿԲ նոր ղեկավարությունը, բոլոր բանկերի տնօրենները բավականին ճիշտ քայլեր են կատարել, որ իրավիճակը չափազանց չսրվի, չբարդանա։
«Դուք գիտեք, որ քայլեր կատարվել են պատերազմի մասնակիցների կամ, որքան էլ ցավալի է, պատերազմում զոհվածների, գերեվարվածների առնչությամբ, բանկերն ընդունել են բազմաթիվ որոշումներ, որոնք միանշանակ թեթևացրել են վիճակը տնտեսության մեջ։ Խոսքը նաև վարկերի կամ տոկոսադրույքների մարման մասին է, որոնք ավելի մեծ մասով վերաբերում են ֆիզիկական անձանց, որոշ դեպքերում ուղղակի հանվել է այդ բեռը մարդկանց վրայից»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։
Ճզմաչյանի խոսքով` բանկային համակարգն այսօր չափազանց ծանր վիճակում չէ, բայց դա չի նշանակում, որ լավ վիճակում է, և դժվար է ասել, թե այն երբ լիարժեք ոտքի կկանգնի, որովհետև այդ համակարգն ու տնտեսությունը փոխկապակցված են։
«Կան մարդիկ, ովքեր ասում են, թե բանկերն այս բարդ իրավիճակում մեծ տոկոսներ են սահմանում և շահույթ ստանում, բայց իրականում այդպես չէ, որովհետև բանկերն իրականացնում են երկուստեք գործողություններ։ Տաքգլուխներն առաջարկում են չեղարկել կամ կրճատել տոկոսադրույքները։ Ճիշտ է, թեև սպառողական վարկերի տոկոսները բարձր են, սակայն մյուս կողմից առկա իրավիճակում չափազանց մեծ է դրանց ռիսկայնությունը»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։
Բանկերը հաճախորդներին խաբելու համար կարող են ավելի խիստ տուգանվել
Ճզմաչյանի տեղեկացմամբ` եթե բանկերը գնում են որոշակի քայլերի, ապա դա անում են լոկալ տիրույթում, քանի որ այլ կերպ չեն կարող նորմալ գործունեություն ծավալել։ Բանկերն ընդունում են նաև զգալի ավանդներ, կան մեծ թվով ավանդատուներ, ովքեր վստահել են բանկերին իրենց գումարներն ու տոկոսներ են ակնկալում։
Ճզմաչյանի գնահատմամբ` աշխատանքը կարելի է համեմատել երկծայր փայտի հետ, այսինքն` եթե մի կողմից պակասեցվեն վարկերի տոկոսադրույքները, ապա մյուս կողմից ինչպես պետք է վերադարձվեն ավանդների տոկոսները։