ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։
«Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն։ Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողություններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը»,– գրել է նա Facebook–ում:
Նման իրավիճակում Թաթոյանը կարևորում է հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:
«Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք»,– նշել է պաշտպանը:
Թաթոյանը նաև հայտնել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով: Կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները մինչև ժամը 12։00-ն ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա` վստահեցնելով, որ հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ են անցկացնելու:
«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին
Այս պահին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները, «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, փակում են Երևանի կենտրոնական փողոցները։