ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության բանակը հրապարակել է հերթական հաղորդագրությունն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների մասին։
Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ: Ավագ լեյտենանտ Միքայել Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:
Շարքային Արմեն Գալոյանը մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Բաբայանը:
Բուժակ, ենթասպա Գուրգեն Գրիգորյանը ցուցաբերել է արիություն` հակառակորդի կրակի տակից տարհանելով զոհերին ու վիրավորներին: Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Միքայելյանը:
Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Թադևոսյանը, սերժանտ Էդգար Հարությունյանը:
Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ է պատճառել սերժանտ Խորեն Ասատրյանը:
Պահեստազորային սերժանտ Արամ Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:
Նշենք, որ տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են պատերազմի ընթացքում կատարած հերոսությունների համար։