Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` պատերազմն իրականում չի ավարտվել, հարաբերական դադար է, և տնտեսության մեջ ինչ–ինչ քայլեր ձեռնարկելու համար նախ անհրաժեշտ է գալ զրոյական վիճակի, սակայն մենք, ըստ Մանասերյանի, այժմ զրոյական նիշից էլ ցածր մակարդակի վրա ենք։
«Եթե նախկինում մատնանշում էինք խնդիրները և ասում, թե ինչ կարելի է անել, սակայն այսօր չունենք տնտեսություն, կա միայն մասնավոր հատվածը, որն իր համառության շնորհիվ տալիս է որոշակի արդյունքներ, ինչն այնուամենայնիվ ընդհանուր տնտեսության ներուժից ցածր է։ Պատճառները շատ են` պատերազմ, համավարակ, համախառն պահանջարկի անկում, բայց առկա իրավիճակին հավելվում է կառավարության կողմից վարվող սխալ կադրային քաղաքականությունը, որը մեզ ավելի հետ է նետում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Մանասերյանի կարծիքով` կար կառավարության գործունեության ծրագիր, որից վաղուց շեղվել են, և որևէ դրույթ չի իրագործվել, իսկ բյուջեն, որը մեկ տարվա կտրվածքով տնտեսության ծրագիրն է, ոչ մի առնչություն չունի պատերազմական վիճակում գտնվող երկրի տնտեսության հետ։
Անդրադառնալով իրավիճակից դուրս գալու առաջնահերթ քայլերին` տնտեսագետն ընդգծեց ռազմարդյունաբերական համալիրի ձևավորման անհրաժեշտությունը, որովհետև պետք է պատրաստ լինել հետագա զարգացումներին, առավել ևս, որ չկա երաշխիք, թե զինված հակամարտությունը չի շարունակվի։
Տնտեսագետի համոզմամբ` անհրաժեշտ է անընդհատ գործել երկակի նշանակության ապրանքների արտադրության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
Հյուրանոցներ պետք են, hi-tech՝ ոչ․ գերամուր ապակու հայկական նախագիծը ներդրող չի գտնում
Մանասերյանը հաղորդման ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական մի շարք իրողությունների, տնտեսական մոդելավորման և կառուցվածքային հարցերի, գնահատեց նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։