Այսօր` դեկտեմբերի 8–ին, ժամը 12։00–ից հետո Երևանում ընդդիմության ներկայացուցիչներն անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
Բանն այն է, որ այսօր, ժամը 12։00–ին լրանում էր Հայրենիքի փրկության շարժման տրված ժամանակը։ Շարժման մեջ ընդգրկված 16 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դեկտեմբերի 5–ին հանրահավաքին Փաշինյանին վերջնաժամկետ տվեցին` հրաժարականի մասին հայտարարելու համար։
Այդ ժամկետը լրանալուց հետո Երևանում բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցներ փորձում էին փակել տարբեր փողոցներ ու պողոտաներ, օրինակ` Մաշտոց, Տիգրան Մեծ և Արշակունյաց պողոտաները, Ամիրյան, Թումանյան և այլ փողոցներ։
Ոստիկանական ուժերը փորձում էին արգելել բողոքի ակցիանների անցկացումը և մայրաքաղաքի փողոցների պարալիզացումը։ Անհնազանդությունների որոշ մասնակիցներ բերման ենթարկվեցին։