ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչությանը։
Նախնական տվյալներով ՝ երկու մարդ զոհվել է Բուշերի նահանգում, ևս հինգը տարերքի զոհ են դարձել Հորմոզգանում: Հաղորդվում է նաև, որ շուրջ 950 մարդ է տուժել հեղեղումների պատճառով, 40 մարդ տարհանվել է: Կան վնասված տներ։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին երկրում առատ տեղումներ են։ Դրանք հարավային նահանգներից մի քանիսում հեղեղումների պատճառ են դարձել, այդ թվում՝ Խուզեստանում, Ֆարսում, Բուշերում և Հորմոզգանում: Ըստ իրանական օդերևութաբանական ծառայության տվյալների՝ միայն Բուշերի նահանգում մի քանի ժամում 160 մմ տեղումներ են եղել:
Իշխանություններն արդեն սկսել են վերականգնման աշխատանքները տարերքից տուժած շրջաններում։
Իրանցի սահմանապահները ահաբեկիչների են ձերբակալել Արևմտյան Ադրբեջան նահանգում
Նշվում է, որ առաջիկա օրերին տեղումները երկրում կշարունակվեն։ Սակայն օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ տարերքն արդեն լքում է տարածաշրջանը։
Հավելենք, որ դեկտեմբերի 6-ին հաղորդվել էր նաև Իտալիայի հյուսիսում հեղեղումների մասին, մասնավորապես՝ Նոնանտոա կոմունայում բնակիչներին տարհանել են ջրհեղեղի պատճառով: