ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երևան:
Նա Հայաստանում կլինի մինչև դեկտեմբերի 11-ը, այցի շրջանակներում կայցելի նաև Արցախ։ Մինչ այդ կլինի «Էրեբունի» և «Հերացի» հիվանդանոցներում՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:
«Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել և դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգևում»,–ասել է Դինային։
Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորայի» և «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը:
Դեկտեմբերի 9-ին Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին և պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։
Հենվելով զինված հակամարտությունների հետևանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին և հանդիպելու անմիջական շահառուների հետ:
Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը
Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։