ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմության հանրահավաքում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը երևանի Ազատության հրապարակում ներկայացրեց նրա խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ Ծառուկյանը պետք է լիներ հրապարակում, բայց կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Ծառուկյանն իր ուղերձում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել, իր աթոռը պահելու համար պատրաստ լինելով ամենաստոր քայլերին:
«Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր ժողովրդի բարկությունից, անտուն մնացած հարյուր հազարավոր արցախցիներից, զավակ կորցրած ծնողի ցասումից»,- ասված է Ծառուկյանի ուղերձում:
ԲՀԿ առաջնորդը հիշեցնում է, որ դեռ 6 ամիս առաջ է զգուշացրել մոտալուտ վտանգի մասին ու հայտարարել, որ իշխանությունները պետք է հեռանան: Ընդ որում, դա, ըստ նրա, ոչ թե իր անձնական ամբիցիան էր, այլ մոտալուտ վտանգը կանխելու առաջարկը:
«Ես դեռ հուլիսի 5-ին էի հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններն այս աստիճան վատացնելու համար»,- նշել էր Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ այդ գործընկերը ի վերջո օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց ժողովրդի կողքին:
«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ
Որպես ձախողումներ Ծառուկյանն իր ուղերձում նշել է նաև տնտեսության ողնաշարի կոտրելը, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումն ու արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատացումը:
Ըստ Ծառուկյանի, այսօր՝ արդեն Արցախի կապիտուլյացիայից հետո Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի:
«Իհարկե, որքան էլ ցավալի է, պետք է ընդունենք, որ Արցախը հետ բերել չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորությւն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքները: Հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, արտաքին աշխարհի հետ վարել մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ»,- նշված է ուղերձում:
Հեռանալու փոխարեն, ըստ Ծառուկյանի, Փաշինյանը փորձում է արդարանալ և իր մեղքը բարդել այլոց վրա, անգամ ՌԴ նախագահի, ով, ԲՀԿ առաջնորդի համոզմամբ, իրենից լավ է տիրապետում բանակցային գործընթացին: Ըստ Ծառուկյանի՝ Փաշինյանը փորձում է սուտ պատմություններով կերակրել ժողովրդին ու շեղել նրա ուշադրությունը:
Ծառուկյանն իր ուղերձում անդրադարձել է նաև ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անձին՝ նշելով, որ նա ի վիճակի է լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները:
«Նրա գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային ժամանակավոր կառավարության ու Հայաստանի բարեկամ, ռազմավարական գործընկեր, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավոր հանդիսացող ՌԴ-ի հետ հստակ կազմել ճանապարհային քարտեզ, փրկել այն, ինչ դեռ հնարավոր է»,-նշել է Ծառուկյանը:
Նա նաև շեշտել է, որ ՀՀ այսօրվա իշխանության հետ որևէ մեկն այլևս չի բանակցելու, գումար չի տալու ու ներդրում չի անելու, քանի որ որևէ մեկն այդ իշխանությանն այևս լուրջ չի ընդունում:
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Ծառուկյանը նաև շեշտել է, որ որևէ քաղաքական ուժ այս իրավիճակում չի կարող միայնակ ելքեր գտնել, ուստի հարկավոր է շտապել ու օր առաջ ստեղծել ազգային միասնության կառավարություն:
Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ծանուցագիր էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր՝ ժամը 15:00-ից, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք է անցկացնում:
Հանրահավաքին ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։