ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում բացատրեց, թե ինչու պատերազմի ավարտից հետո առ այսօր պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել:
«Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ ու իրարով: Սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին: Առավել միտված ապագային»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` սուգ կհայտարարվի անհետ կորածների մարմինների ճանաչումից հետո։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:
Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։
Նոյեմբերի 22-ը արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օր հայտարվեց, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողություն անցկացվեց, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։