ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:
«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;
Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:
«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց վարչապետը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: