ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 3-ին ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանում, արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ հաստատված տեղեկությունների` երեկ գողություն է կատարվել Երևանի Սայաթ–Նովա փողոցում գտնվող «Հերմիտաժ» խանութից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 6։05-ին, ահազանգ է ստացվել, որ միացել է «Հերմիտաժ» խանութի ձայնային ազդանշանը։ Դրան հաջորդել է երկրորդ ահազանգն այն մասին, որ խանութից անհայտ անձինք հափշտակել են օծանելիքներ և խնամքի միջոցներ։
Նույն դեպքի մասին shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 3–ի ցերեկը ոստիկանությունը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Խաչիկ Դարբինյանին, 18-ամյա Էդուարդ Գրիգորյանին, 23-ամյա Ալիկ Ադյանին և 20-ամյա Տիգրան Մանուկյանին:
Երեխաների առուվաճառք կատարելու համար ՀՀ–ում հանցավոր խումբ է ստեղծվել. նոր բացահայտումներ
Բերման ենթարկելու ընթացքում Տիգրան Մանուկյանը սպառնացել է, որ իր մոտ եղած «ՌԳԴ-5» տիպի նռնակով կպայթեցնի բոլորին։ Բայց ոստիկանության ծառայողներին հաջողվել է վնասազերծել նրա մոտ եղած նռնակը։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ նաև ատրճանակ է հայտնաբերվել։
Նշված փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 316–րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Է․ Գրիգորյանը, Ա․ Ադյանը բաց են թողնվել, իսկ Խ․ Դարբինյանն ու Տ․ Մանուկյանը ձերբակալվել են։