ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ՛Էստենի մահվան կապակցությամբ:
«Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ՛Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը (1974-1981) մահացել է 94 տարեկանում՝ կորոնավիրուսից։