ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր քաղաքական ուժերն ունեցել էլ վարչապետի իրենց թեկնածուն իրենց իսկ քաղաքական ուժերից, սակայն մի կողմ են դրել ամեն ինչ` գալով կոնսենսուսի և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու փաստին։
Տոնոյանը տեղեկացրեց, որ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շաբաթ օրը նախատեսված հանրահավաքին ելույթով հանդես կգա։ Մանուկյանը կմատնանշի այն քայլերը, որոնց միջոցով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։
«Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրվել է անցումային ժամանակաշրջանի կառավարության ղեկավարի համար։ Առավել քան վստահ ենք, որ Մանուկյանը, բոլոր քաղաքական ուժերի և կարող թիմի աջակցությամբ, կարողանալու է երկիրը դուրս բերել օրհասական այս վիճակից»,–ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` ռազմական դրության պայմաններում իմպիչմենտի գործընթաց չեն կարող ձեռնարկել, սակայն Տոնոյանը վստահ է` առաջիկայում տեխնիկական խնդիրները լուծվելու են` նաև հանրության ճնշման ներքո։ ԲՀԿ պատգամավորը հույս հայտնեց, որ «Իմ քայլում» կան հայրենասերներ, որոնք գիտակցում են ստեղծված ճգնաժամային իրավիճակը և գիտակցում են, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Տոնոյանը տեղեկացրեց նաև, որ ԼՀԿ–ի հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել այս հարցի առնչությամբ։
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները հանդիպել ու հրատապ հարցեր են քննարկել
Նրա խոսքով` իրենք Ռուսաստանից եկող ազդակները հաշվի են առել ամբողջ գործընթացը կազմակերպելիս։
Նշենք, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ անցումային կառավարության վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։