ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում տիեզերական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությունները պարտավոր են գրանցվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ու ստանալ համապատասխան լիցենզիա:
Տիեզերական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում ներառելու որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:
Որոշման համաձայն` այս կերպ գործադիրը հնարավորություն կունենա հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումն ու վերահսկողությունը: Բացի այդ դա նաև լրացուցիչ մուտքեր կապահովի Հայաստանի պետական բյուջե:
Կառավարությունում վստահ են, որ այս կերպ Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը:
Ինչ վերաբերում է գրանցման կարգին, որոշման համաձայն` գրանցման ենթակա են ոչ միայն տիեզերք արձակվող օբյեկտները, այլև այն տիեզերական տեխնիկան, որն աշխատելու է երկրի վրա:
Ըստ նոր կարգի՝ տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է գրանցել տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ այն տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք ուղարկելու համար` դրա ստեղծման կամ ձեռք բերման պահից 10 օրվա ընթացքում:
Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա. շինարարության ավարտը դարձյալ հետաձգվեց
Տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցելուց հետո նախարարությունը համապատասխան տեղեկատվությունը պետք է ներկայացնի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հիշեցնենք՝ «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքն Ազգային Ժողովն ընդունել էր 2020 թվականի մարտի 6-ին: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանել Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման ու տիեզերական գործունեության լիցենզավորման կարգերը: