ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն։
«Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ»,–նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում են մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով (հեռ. 010-28-38-23)։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։
Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։