ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կապանի համայնքապետարանը հերքում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունները, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։
Համբարձումյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Սյունիքում ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա։ Նա վստահեցրել էր` երեկ է վերադարձել Սիսիանից, մեր ու Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով հասել էին Կապան համայնքի տակ:
«Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում ասվածի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–նշված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։