ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հաճախորդների նկատմամբ խախտումներ թույլ տալու համար կարող են ավելի լուրջ տուգանքների ենթարկվել: Համապատասխան օրենսդրական առաջարկը խորհրդարանին է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Այս տուգանքները ոչ թե կլինեն սիմվոլիկ բնույթի, այլ նաև որոշակիորեն իրենց ազդեցությունը կունենան»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով իր առաջարկն, ասաց Մանուկյանը:
Նախագծի հեղինակը բանկերի ու վարկային կազմակերպությունների համար «սիմվոլիկ» է համարում ներկայում գործող օրենքով նախատեսված տուգանքների չափերը: Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են՝ առաջին անգամ խախտման համար` 100 000, երկրորդ անգամ` 200 000, իսկ երեք և ավելի խախտման համար` 500 000 դրամ տուգանք, որոնք ֆինանսական կազմակերպություններից պետք է գանձի ՀՀ կենտրոնական բանկը:
Մանուկյանն առաջարկում է խստացնել տուգանքները` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար կիրառել 500 000 դրամ, երկու անգամ խախտելու համար՝ 1 միլիոն, իսկ 3 և ավելի անգամ խախտելու դեպքերում՝ 2 միլիոն դրամ տուգանք:
Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել
Այդ փոփոխություններով այսօր հանձնաժողովին ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին, «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքներում նախագծերի փաթեթը, սակայն, Մանուկյանն առաջարկեց հետաձգել՝ նախ հաշվի առնելով դրա հրատապության աստիճանը, ապա Կենտրոնական բանկին հնարավոր առաջարկների համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու հանգամանքը:
Արդյունքում նախագիծը ներկայացվեց, բայց չքննարկվեց ու ԱԺ օրակարգ չմտավ: Հեղինակի առաջարկով այն քննարկման կվերադարձվի 2 ամիս անց:
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ