ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ղարաբաղում նոր միջանցք բացելու հայտարարությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի` Պեսկովը նշել է, որ տրանսպորտային հարցերն ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են։
Ալիևն այսօր հայտարարել է, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են վերաբերվել այդ գաղափարին:
«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հիշեցրել է` որոշ ժամանակ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ կրեմլյան հաղորդագրություններից մեկում նշվել է, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներին զուգահեռ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցեր են քննարկել:
«Հաղորդագրություններում նման արտահայտություն կգտնեք։ Այդ պատճառով տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, օրակարգում են և քննարկվում են մեր առաջնորդների կողմից։ Բայց կոնկրետ այդ սյուժեն ես թողնում եմ առանց մեկնաբանության»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։
Լրագրողները ճշտող հարց են ուղղել` չի մեկնաբանում Ալիևի այն պնդումը, որ Պուտինը դրական գնահատական ու հավանություն է տվել այդ գաղափարին։ Պեսկովը հաստատել է. «Այո»։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են