ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները նաև Սյունիքի մարզ են հասել։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը շտապել է հերքել Կապանի օդանավակայանի հետ կապված շրջանառվող լուրերը՝ նշելով, որ այն ՀՀ-ին է մնալու։
«ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում»,- քաղաքապետի խոսքերը մեջբերել է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
Նշենք, որ արդեն քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե Կապանի օդանավակայանն ու Մեղրիի չորս գյուղեր ադրբեջանական կողմում են հայտնվելու։
Լուրերը շտապեցին հերքել նաև Մեղրիում համայնքի Facebook-ի պաշտոնական էջում.
«Հարգելի գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և քաղաքացիներ, ֆեյսբուքյան հարթակում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող այն տեղեկությունը, թե Մեղրի համայնքից չորս գյուղ է հանձնվում Ադրբեջանին, իրականությանը չի համապատասխանում»,- նշված է գրառման մեջ։
Հավելենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականը ևս բազմաթիվ օգտատերեր կապում են երկու երկրների միջև պետական նոր սահման գծելու գործընթացի հետ։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, թե որն է մարզպետի հրաժարականի պատճառը, Հունան Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը նշել էր, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։