ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դեռ հիվանդանոցում է գտնվում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտնել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ։
«Գործընկերներ, այնպես է ստացվել, որ այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վերաժողովի նիստին չի կարող մասնակցել Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Խոսել եմ Արարատ Սամվելովիչի հետ, նա դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից։ Նրան բարեմաղթանքներ կուղղենք ու շուտ ապաքինում կմաղթենք։ Իսկ այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցում է Ալեն Ռոբերտի Սիմոնյանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը», - ասել է Վոլոդինը։
Վոլոդինը հայտնել է, որ հիվանդության պատճառով բացակայում է նաև Բելառուսի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Անդրեյչենկոն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերը Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ կառավարության, հետո խորհրդարանի շենքի դիմաց էին հավաքվել ու պաշտոնյաների հետ հանդիպում էին պահանջում։ Նրանք հանել էին մեքենայից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին ու ծեծի ենթարկել որդու աչքի առաջ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին