ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը մերօրյա նոր հերոսների է ներկայացրել, որոնցից մեկը սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանն է: Նա վերջին պատերազմում հարավարևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:
«Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ «ԿամԱզ» էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը»,–նշված է ՊԲ–ի ֆեյսբուքյան էջում։
Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ: Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:
Հարավային հատվածում` թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:
Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:
Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:
Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:
Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։
Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը