ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են չհեռանալ և ապրել իրենց տներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Համայքների բնակիչներին մենք տեղեկացրել ենք իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ մեզ ասել են` կարող ենք մնալ, իսկ այ կմնան, թե ոչ` յուրաքանչյուրն ինքը կորոշի։ Հիմա բնակիչն ինքն է որոշում` մնում է, թե գնում։ Դե, եթե տեղ ունեն մնալու, գնում են, սակայն կան նաև եկողներ։ Ես չգիտեմ` մեկ ժամից իրավիճակը կփոխվի՞, թե ոչ»,–ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց` վերոհիշյալ համայնքներից դեռ պատերազմի օրերին են մարդիկ իրենց գույքը դուրս բերել, որպեսզի հրթիռակոծությունից չտուժի։ Ընտանիքներ կան, որ 100 տոկոսով հանել են գույքը, և մինչև չհստակեցվի կարգավիճակը, հետ չեն բերելու իրենց ունեցվածքը։
Նարեկ Ալեքսանյանը հայտնեց` այս պահին Բերձորում է ու իր հետ շատ մարդիկ կան։ Նրա խոսքով` քիչ առաջ Երևանից Բերձոր վերադարձող է եղել և առանց որևէ խոչընդոտի հասել է տեղ։ Նույն իրավիճակն է նաև Լիսագոր հատվածում, որտեղից էլ երեկ են Բերձոր գնացել։
Հարցին, թե անվտա՞նգ է Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհը` Ալեքսանյանը վստահեցրեց` այո։ «Բերձորից ընկերս գնացել էր Ստեփանակերտ և առանց փաստաթղթի, քանի որ փաստաթղթերը հենց մայրաքաղաքում են մնացած եղել։ Դա որևէ խաչընդոտ չի առաջացրել տեղ հասնելու և հետ վերադառնալու համար, այսինքն` ճանապարհին արտառոց մարդկանց և դեպքերի չի հանդիպել»,–ասաց Ալեքսանյանը։
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը
Հիշեցնենք, որ Բերձորի բնակիչներին զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչներից ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։
Ի դեպ, Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։