ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սարդարապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը։ Դավիթը Սարդարապատ համայնքի բնակիչ էր։
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով
«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ»,–նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Դավիթ Գրիգորյանը զոհվել էր դեռ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Տղայի դին, սակայն, նոր են դուրս բերել։
Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Արցախի հերոսի» կոչմանն է արժանացել Դավիթ Լյովայի Գրիգորյանը։ Նա սեպտեմբերի 27-ից մասնակցելով մարտերին` Ֆիզուլիի և Կարախանբելիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա էր խոցել։ Հարությունյանը հայտնել էր, որ Գրիգորյանը շարունակում է մնալ առաջնագծում։